23 մարտի 2012 - 18:06 AMT
ՏՄՊՊՀ-ն կարևորում է գործարարների իրազեկությունը մրցակցային խնդիրների վերաբերյալ

Գործարարների կողմից մրցակցային օրենսդրության խախտումներ հաճախ կատարվում են օրենքի չիմացության պատճառով: Այս առումով ՏՄՊՊՀ-ը կարևորում է, որպեսզի գործարարները լինեն առավել տեղեկացված` խուսափելով ոչ օրինաչափ գործողություններից և նման դեպքերում կիրառվող պատասխանատվության միջոցներից: Այդ իսկ նպատակով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ այսօր`մարտի 23-ին անցկացրեց հերթական սեմինար-քննարկումը, ասվում է ՏՄՊՊՀ մամլո հաղորդագրության մեջ:

Միջոցառմանը մասնակցում էին փորձագետներ Գերմանիայից և Լիտվայից: Յ. Շովիենեն և Թ. Տրաուպելը հանդես եկան զեկույցներով`մասնակիցներին տեղեկացնելով մրցակցության մասին օրենքի առանձին դրույթների, պետական օժանդակության վերահսկման և այլ ոլորտների վերաբերյալ: Տիկին Շովիենեն անդրադարձավ նաև մանրածախ շուկաներում առկա մրցակցային խնդիրներին, ինչի հետ կապված մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում:

Մասնակիցիները փորձագետների հետ քննարկման ժամանակ փորձեցին զուգահեռներ անցկացնել ՀՀ և ԵՄ մրցակցային օրենսդրության առանձին դրույթների վերաբերյալ: Մասնավորապես գործարարներին հետաքրքրում էր, թե այլ երկրներում ինչպես է կարգավորվում մենաշնորհային դաշտը: Ըստ փորձագետների, որպես կանոն աշխարհի գրեթե բոլոր զարգացած և զարգացող երկրներում մրցակցային մարմինները պայքարում են ոչ թե մենաշնորհների, այլ դրանց չարաշահման դեմ:

Նշենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի և ԵՄ Թվինինգ ծրագրի կողմից նման միջոցառումները կազմակերպվում են հաճախակի: Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և գործարարների մասնակցությամբ իրականացվող տեղեկատվական սեմինարներն ուղղված են ինչպես Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանն ու ՏՄՊՊՀ կիրարկման կարողությունների հզորացմանը, այնպես էլ մրցակցային խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ընդհանրապես: