23 մարտի 2012 - 18:21 AMT
Էդվարդ Նալբանդյան. Ֆրանսիան պետություն է, որը որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ կարևորագույն դեր ունի ղարաբաղյան կարգավորման հարցում

Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 23-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հանդիպումը հայաստանյան ԲՈւՀ-երի ֆրանսախոս ուսանողների հետ:

Քսանամյա հարաբերությունների բարձր մակարդակը խորհրդանշել են անցյալ տարի տեղի ունեցած Նախագահներ Սարսգյանի եւ Սարկոզիի փոխադրաձ այցելությունները: Այս ենթատեքստում, նախարարը կարևորրել է ՀՀ նախագահի Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում Օլիմպիա սրահում երկու երկրների նախագահների ներկայությամբ Շառլ Ազանուրի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության եւ հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն իր հերթին ընդգծել է, որ հայ ֆրանսիական ջերմ հարաբերությունները նույնքան զգայական են, որքան էլ ողջամիտ, իսկ Հայաստանը այն եզակի երկրներից է, որը առանձնակի եւ ուրույն տեղն է զբաղեցնում ֆրանսիական հասարակության մեջ:

Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին՝ նախարար Նալբանդյանը նշել է. «Ֆրանսիան այն երկիրն է, որը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կարեւորագույն դերակատարություն ունեցել եւ ունի արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթաց ում, Ֆրանսիան այն երկիրն է, որ ապաստան տվեց եւ երկրորդ Հայրենիք դարձավ Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մեր հազարավոր հայրենակիցների համար, Ֆրանսիան այն երկիրն է, որն առաջինն օրենքի ուժով ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, Ֆրանսիան այն երկիրն է, որի ժողովրդը հավատացած է, որ մարդկության դեմ հանցագործությունների հերքումը պետք է պատժվի եւ այս ամենի համար ես ցանկանում եմ մեր խորը երախտագիտությունը հայտնել»: