23 մարտի 2012 - 18:31 AMT
Ռուբեն Զարգարյան. Թուրքիայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կնպաստեր հակամարտության կարգավորման առաջընթացին

Մարտի 21-ին Մոսկվայում, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում անց է կացվել միջազգային գիտագործնական «կլոր սեղան»` «Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում», հաղորդում է ԼՂՀ մամուլի ծառայությունը: Միջոցառման նպատակն էր` ՌԴ ազգային անվտանգության համատեքստով գիտագործնականորեն իմաստավորել արդի Թուրքիայի քաղաքականությունը Մեծ Կովկասի տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ տարածքում:

Մասնակիցները քննարկվել են հետևյալ թեմաները. միջազգային անվտանգության հիմնախնդիրները Թուրքիա և Մեծ Մերձավոր Արևելք տարածաշրջանային համատեքստում, թուրքական պետության անկայունության ներքին գործոնները, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, Թուրքիայի դիրքորոշումը, Կովկասում ՌԴ, Թուրքիայի և տարածաշրջանի մյուս պետություների մասնակցությամբ ինտեգրման նախագծերի հեռանկարները, Թուրքիայի կրոնական և հասարակական-քաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածքում և Ռուսաստանի թուրքաբնակ տարածաշրջաններում:

«Կլոր սեղանի» աշխատանքին մասնակցել են 60-ից ավելի փորձագետներ և լրագրողներ, կարդացվել է 13 զեկուցում, մասնակիցներից շատերը ելույթներով հանդես են եկել բանավեճերի ժամանակ: Համաժողովում ներկայացվել են ռուսաստանյան առաջատար գիտական ինստիտուտներ և վերլուծական կենտրոններ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հանդես է եկել ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, պատմագիտության թեկնածու Ռուբեն Զարգարյանը` «Լեռնային Ղարաբաղն ու Ռուսաստանը ինտեգրման նախագծերում և Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության մեջ» զեկուցմամբ, որն ակտիվորեն պաշտպանել են «կլոր սեղանի» մասնակիցներն ու վարողները: Իր ելույթում Ռ. Զարգարյանը վերլուծության է ենթարկել Արևելամիջերկրածովյան շրջանակներում ինտեգրման նախագծերին ԼՂՀ և Ռուսաստանի մասնակցության հեռանկարները: Ընդգծվել է, որ ղարաբաղյան պետության բարեհաջող կազմավորումը մեկն է այն գործոններից, որոնք ձևավորում են տարածաշրջանի կայունության և զարգացման համակարգը:

Ռ.Զարգարյանն ընդգծել է, որ ԼՂՀ և Հայաստանի նկատմամբ պաշտոնական Թուրքիայի վարած առճակատման քաղաքականությանը: Նա նշել է, որ Թուրքիայի համար շատ ավելի շահեկան կլիներ, եթե նա իր հակաղարաբաղյան և հակահայկական դիրքորոշումը փոխարիներ ԼՂՀ և Հայաստանի հետ համագրրծակցելու քաղաքականությամբ: Նկատելով, որ մի շարք թուրք քաղաքագետներ հայտարարում են, թե Թուրքիան ըմբռնում է ԼՂՀ անկախության անշրջելիությունը, Զարգարյանն ընդգծել է` Թուրքիան, իբրև վստահության միջոց և բարի կամքի դրսևորում, լիովին կարող էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և նրա հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ինչը կնպաստեր հակամարտության կարգավորման առաջընթացին: