23 մարտի 2012 - 19:05 AMT
ԱԳՆ-ում տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 20 ամյակին

Արտաքին գործերի նախարարությունում այսօր կազմակերպվել էր Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20 ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ՄԱԿ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից` իր խոսքում նախարար Նալբանդյանը նշել է , որ յուրաքանչյուր պետության և ժողովրդի կյանքում կան իրադարձություններ և տարեթվեր, որոնք առանձնանում են իրենց խորհրդով և կարևորությամբ. «Մեր ժողովրդի արդի պատմության այդ շրջադարձային տարեթվերի շարքին է դասվում 1992թ. մարտի 2-ը. Այդ օրը Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ: Դրանով միջազգայնորեն ճանաչվում էր նաև ազգերի ընտանիքում լիարժեք կերպով ընդգրկվելու մեր պետության կամքն ու վճռականությունը: Բազմախորհուրդ է ՀՀ կառավարության` երեկ կայացրած և այսօր ուժի մեջ մտած որոշումը, որով մարտի 2-ը սահմանվում է Հայաստանի Հանրապետության դիվանագետի օր»:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան: Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել նաև ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը: Միջոցառմանը հանդես է եկել Տիգրան Հեքեքյանի ղեկավարած` «Հայաստանի փոքրիկ երգիչներիե երգչախումբը:

Արտգործնախարարությունում տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցության 20 ամյակին