16 մարտի 2004 - 18:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՇԱՃ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Հայաստանի եւ սեւծովյան Փոթի ու Բաթումի (Աջարիա) նավահանգիստների միջեւ բեռնափոխադրումների հետ կապված իրավիճակը գտնվում է պատշաճ հսկողության տակ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանում խոշորագույն էկսպեդիտորական «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը` մեկնաբանելով Աջարիայի ինքնավար հանրապետության նկատմամբ իրագործվող հաղորդակցային շրջափակման մասին պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունը: Նրա խոսքերով` ներկայումս աշխատանք է տարվում բեռնափոխադրումները աջարական Բաթումի նավահանգստից Փոթիի նավահանգիստ դիվերսիֆիկացման համար իրավական նրբությունների կարգավորման ուղղությամբ: Գ.Աղաջանյանը տեղեկացրել է, որ ներկայումս Բաթումիում հայկական բեռներ չկան, եւ փորձեր են ձեռնարկվում Փոթիով նոր վագոնների ուղարկման կամ ստացման ուղղությամբ: Նշենք, որ 2003 թվականի սկզբից Հայաստանի համար նախատեսված կամ Հայաստան ուղարկվող կոնտեյներային եւ վագոնային բեռները վերաբաշխվել են Վրաստանի Փոթի եւ Աջարիայի Բաթումի սեւծովյան նավահանգիստների միջեւ: Վերջին նավահանգիստը ապահովում է վագոնների ընդունում-ուղարկումը, իսկ Փոթիինը` կոնտեյներային բեռների: