26 մարտի 2012 - 12:21 AMT
Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունում կհանձնվի նաև Տիգրան Լևոնյանի անվան մրցանակ

Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա «Արտավազդ»թատերական 14-րդ մրցանակաբաշխությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է մրցանակաբաշխության մամլո պատասխանատու Վլադ Մուրադյանը: «Արտավազդը» հանձնվում է տարվա ընթացքում Հայաստանի թատերական կյանքում լավագույնս իրենց դրսևորած գործիչներին:

«Արտավազդները» հանձնվելու են « Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն պիես», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում» անվանակարգերում: Մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի թատերական գործիչների միության 70-ամյա հոբելյանին: Բացի վերը նշված անվանակարգերից, թատերական 4 գործիչների հանձնվելու են մրցանակեր` թատերարվեստում ներդրած ավանդի համար, ինչպես նաև հանձնվելու է Տիգրան Լևոնյանի անվան հատուկ մրցանակ:

Ուշագրավ է, որ «Լավագույն պիես» անվանակարգում ներկայացված են ինչպես բեմադրված, այնպես էլ առայժմ չբեմադրված ստեղծագործություններ: Հարկ է նշել նաև, որ այս տարի բացակայում է «Լավագույն երաժշտություն» անվանակարգը, քանի որ «Արտավազդ»-ին ներկայացվել է միայն մեկ ստեղծագործություն` գրված հատուկ ներկայացման համար:

Այս տարի ժյուրիի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրող, դերասան Հովհաննես Թեքգյոզյանը, արվեստաբան էմանուիլ Արաքսման-Մանուկյանը, թատերագետ Ռուզաննա Առաքելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանը: