26 մարտի 2012 - 16:37 AMT
ՀԱԿ-ն ընդդիմադիր ուժերին առաջարկում է համագործակցել ընտրություններում օրինականություն ապահովելու համար

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ընդդիմադիր ուժերի միջև բազմակողմանի համագործակցություն է առաջարկում ընտրությունների ժամանակ օրինականության պաշտպանության և քաղաքացիների ազատ կամարտահայտման համար պայմանների ստեղծման գործում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Ընդդիմադիր ուժի խնդիրը ոչ միայն պատգամավորական մանդատ ստանալն է, այլև ընտրողի ձայնի պաշտպանությունն ու օրինական ընտրությունների երաշխավորումը»,- նշել է նա:

Փաշինյանը նաև հավելել է, որ ՀԱԿ-ը պայքարում է, որպեսզի «Հայաստանում քաղաքական ընտրությունները քաղաքական բովանդակություն ստանան», և մարդիկ սկսեն քվեարկել քաղաքական կուսակցությունների գաղափարների և ծրագրերի, այլ ոչ թե գումարի համար: