27 մարտի 2012 - 13:39 AMT
Ահմադինեժադ. Իրանը Եվրոպայի վրա տնտեսական ճնշում գործադրելու բոլոր հնարավորություններն ունի

«Արևմտյան երկրներն ու ՄԱԳԱՏԷ-ն պետք է ճանաչեն Իրանի խաղաղ ատոմի իրավունքը և բանակցեն ելնելով դրանից»,-գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ նշելով, որ Իրանը կամավոր և բավականին լայն սպեկտրով է համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ:

Նա հավելել է. «Իրանը դեմ է ատոմային ռումբի գոյությանը, համարում է այն անբարոյական ու անմարդկային զենք, իսկ նրանք, ովքեր տիրապետում են այդ ռումբին, այլևս չեն կարող օգտագործել այն, քանի որ ատոմային ռումբերի դարաշրջանն ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ»:

Այն հարցին ի պատասխան, թե կարող է արդյոք Իրանը տնտեսական ճնշում գործադրել Եվրոպայի վրա, Ահմադինեժադն ասել է. «Անշուշտ, կարող է: Ներկայումս իրանա-եվրոպական առևտրի ծավալը հասնում է 24 մլրդ դոլարի»: