27 մարտի 2012 - 13:46 AMT
Հակոբ Չաքրյան. ԵՄ միջնորդությունը ՄԽ-ում ոչինչ չի փոխի, Ֆրանսիան առանց այդ էլ ներկայացնում է ԵՄ շահերը

Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատրի հնարավոր փոխարինումը ԵՄ մանդատով ոչ մի փոփոխություն չի բերի, քանի որ Ֆրանսիան առանց այդ էլ ներկայացնում է ԵՄ շահերը տարածաշրջանում: Այդ մասին թուրքագետը հայտարարել է Երևանում Հայագիտական կենտրոնի ղեկավար և «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ Արիստակես Սիմավորյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:Լինելով ԵՄ առանցքային երկիր՝ Ֆրանսիան լավագույն թեկնածուն է այդ դերի համար, քանի որ ՄԽ-ում ՌԴ և ԱՄՆ հետ համատեղ 20 տարվա համանախագահության ընթացքում անհրաժեշտ փորձ է ձեռք բերել և լեզու է գտել երկու գերտերությունների հետ: Փորձագետը նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել և շատ հավանական է, որ առաջարկը հավանության չարժանանա: Ֆրանսիան այն երկիրն է, որը ցանկության դեպքում կարող է մնալ իր դերում: Ըստ թուրքագետի, հարց է առաջանում, թե ով է ներկայացնելու Եվրամիությունը, ո՞ր երկիրը, կամ որ մարմինը: Որոշում չի կայացվել, ուստի պետք չէ դրան այդքան լուրջ վերաբերվել, առավել ևս, որ դա ոչինչ չի փոխի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, նշել է Հակոբ Չաքրյանը:

Մարտի 23-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ առաջարկվում է ՄԽ-ում Ֆրանսիայի մանդատը փոխարինել ԵՄ մանդատով: