27 մարտի 2012 - 14:17 AMT
Մրցանակներ կհանձնվեն մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մարտի 30-ին՝ ժամը 10.30-ին, մի շարք պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների մրցանակներ կհանձնվեն 2011թ. մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար։ Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից` մրցանակներ են սահմանված «Լավագույն պետական գործիչ», «Լավագույն պատգամավոր», «Լավագույն հասարակական գործիչ», «Լավագույն արվեստագետ», «Լավագույն լրագրող» և այլ անվանակարգերում: Մրցանակաբաշխությանը ներկա կլինեն նախարարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ։

Մրցանակաբաշխությունը կազմակերպել են «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպությունը, «Զորավիգ» թերթը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անցկացվող այս մրցանակաբաշխությունն ավանդական է. այն անցկացվում է չորրորդ անգամ։ Մրցանակակիրներն ընտրվել են «Զորավիգ» թերթի 1350 ընթերցողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում։ Մրցանակաբաշխության նպատակն է խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը մեր կյանքի տարբեր ոլորտներում։