
«Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի բոլոր 10 խաղերն էլ կարևոր են մեզ համար: Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստները վնասվածքներ չունենան և պատրաստ լինենք դրանց»,- մարտի 27-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Մարզչի խոսքով, առաջիկա հանդիպումներին տակտիկական փոփոխություններ լինելու են, բայց դրանք չեն ազդի հավաքականի ընդհանուր խաղաոճի վրա:
«Ապրիլի 6-ին Հոլանդիայում ներկա կլինեմ Նորայր Մամեդովի խաղին և կտեսնեմ նրա պատրաստվածությունը: Մենք հետևում ենք արտերկրում հանդես եկող բոլոր հայ ֆուտբոլիստներին»,- նշել է Մինասյանը:
Մարզչի կարծիքով շատ կարևոր է, որ հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասը լեգիոներներ են, սակայն ցավալի է, որ նրանք միշտ չէ, որ ընդգրկվում են հիմնական կազմում և կորցնում են լավ մարզավիճակը:
Հավաքականի մարզիչը խոսեց նաև ֆուտբոլիստների ինտելեկտի և կրության մասին: Նրա կարծիքով, դաշտում ֆուտբոլիստը ինքն է որոշումներ կայացնում, և որքան կիրթ լինի, այնքան ավելի լավ. «Ես միշտ խորհուրդ եմ տալիս տղաներին գրքեր կարդալ և լեզուներ սովորել, դա շատ կարևոր է»: