27 մարտի 2012 - 15:15 AMT
Ուկրաինան ապրիլի 26-ին կսկսի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարային բլոկի նոր սարկոֆագի շինարարությունը

Ուկրաինան ձեռնամուխ է լինելու Չեռնոբիլյան ԱԷԿ վթարային բլոկի վրա նոր սարկոֆագի շինարարությանն ապրիլի 26-ին, հաղորդել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Սեուլում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի ընթացքում: Ինչպես հաղորդել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը, Յանուկովիչը շնորհակալություն է հայտնել միջազգային հանրությանն աջակցության համար, որն Ուկրաինան ստացել է Չեռնոբիլյան աղետի հետևանքները հաղթահարելու համար: «Դոնորների միջազգային համաժողովը, որը կայացել է անցյալ տարի Կիևում, հաջող է եղել, մենք սկսում ենք ՉԱԷԿ վթարային բլոկի վրա նոր սարկոֆագի շինարարությունը»,- ասել է նա:

Միաժամանակ, Յանուկովիչը նշել է, որ Ուկրաինայում «իրագործվում է բամզաստիճան, ինտեգրացված մոտեցում միջուկային անվտանգության հարցում: Ուկրաինայում միջուկային ահաբեկչության տարածման սպառնալիքների գնահատականը վկայում է պետության համար նման վտանգի ցածր մակարդակի մասին»,- ասել է նախագահը:

Նրա խոսքով, վերջին երկու տարիների ընթացքում EURO-2012-ի եզրափակիչ մասի նախապատրաստության շրջանակներում Ուկրաինան զգալի ջանքեր է գործադրում ահաբեկչության վտանգը կանխելու համար: