ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «Հրազդան» մարզադաշտում ընթանում են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ:
«Հիմա վերանորոգվում են հանդերձարանները: Մայիսի 5-ից հետո կփոխենք խոտածածկը, իսկ մինչև օգոստոսի 1-ը պատրաստ կլինի ստադիոնի լուսավորությունը: Իհարկե, հավանականությունը քիչ է, բայց կաշխատենք մինչև Բելառուսի հետ ընկերական խաղը տեղադրել նոր լուսատախտակ»,- ասել է Հայրապետյանը:
Նա համոզված է, որ Իտալիայի հետ խաղին երկրպագուները կտեսնեն վերանորոգված ստադիոն, իսկ հավաքականն էլ ամեն ինչ կանի նրանց ուրախացնելու համար:
«Հավաքականը հիմա հասել է մի մակարդակի, որը պետք է պահենք և աշխատենք ավելի մեծ առաջընթաց արձանագրել: Դրան հիմնականում կնպաստեն մանկապատանեկան դպրոցները»,- ավելացրել է ՀՖՖ նախագահը:
Ըստ նրա Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը կնպաստեն նաև նոր ֆուտբոլային դպրոցները. « Հիմա Գյումրիում 8 դաշտով դպրոց ենք կառուցում, և հավաքականի մարզչի հետ անում ենք ամեն ինչ, որպեսզի մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչները վերապատրաստվեն և բարձրացնեն իրենց մասնագիտական որակները»: