Բաքվի ապատեղեկատվությունն արդեն չի էլ զարմացնում ՀՀ նախագահին՝ դա ադրբեջանցիների գործելաոճն է

Բաքվի ապատեղեկատվությունն արդեն չի էլ զարմացնում ՀՀ նախագահին՝ դա ադրբեջանցիների գործելաոճն է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթաժողովին, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին և անձամբ Նախագահ Լի Մյուն-Բակին` գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարևոր հավաքը հյուրընկալելու համար: Հանրապետության ղեկավարը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010թ. Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր: Նախագահն ասել է. «Միջուկային անվտանգությունը եղել և մնում է Հայաստանի համար առաջնային կարևորության խնդիր: Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով մենք հետևողականորեն և պատրաստակամորեն աջակցել և իրականացրել ենք առաջարկվող ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նշել է նաև, որ ՄԱԿ-ի Միջտարածաշրջանային հանցավորության և արդարադատության հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ և աջակցությամբ Հայաստանն իրականացնում է կադրերի վերապատրաստման և մաքսային տեխնիկական հագեցման ծրագիր: Նախագահի խոսքով, Հայաստանի Հանրապետությունն ըստ ամենայնի նպաստում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացմանը:«Այս գործում մենք խստագույնս պահպանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ այդ սերնդի միջուկային կայանների համար առաջարկվող միջազգային նորմերի պահանջները»,-ասել է Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով ԱԷՄԳ-ին, Ռուսաստանի Դաշնությանը, Եվրամիությանը և այն բոլոր երկրներին, կազմակերպություններին և մասնագետներին, որոնք համագործակցում և աջակցում են Հայաստանի Հանրապետությանը :

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայկական ատոմակայանի մասին Սեուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ներկայացրած ապատեղեկատվությանը. «Իսկ Ադրբեջանի նախագահի՝ Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետև Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ: Ընդ որում, ամենաբարձր ամբիոններից խեղված են ներկայացվում ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, այլև միջազգային հանրության՝ մեր և ձեր կողմից ընդունված փաստաթղթերը: Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի բանաձևերն են խեղաթյուրում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողություններ, իրենք են հրաժարվել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում և հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրավունքի հիման վրա»,-նշել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերն են վերապահումներով մոտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ հատուկ դեպքերում, ինչպիսին Հայաստանի դեպքն է, ըստ Նախագահ Սարգսյանի, քիչ այլընտրանք կա` ապահովելու համար մեր ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելավումը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի չորս անմիջական հարևաններից երկուսը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երկու տասնամյակ շարունակ շրջափակման մեջ են պահում երկիրը, այլընտրանք չթողնելով նաև էներգետիկ անկախության ուղիների ընտրության հարցում:Հանրապետության ղեկավարը ելույթի ավարտին վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը միջուկային նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև մեր երկրի վճռականությունը աջակցելու ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---