27 մարտի 2012 - 15:38 AMT
«Ինտերակտիվ Թիվի» ընկերությունն այսօրվանից կմատուցի նաև մալուխային ինտերնետի ծառայություն

Արդեն հինգ տարի է`«Ինտերակտիվ Թիվի» ընկերությունը տրամադրում է մալուխային հեռուստատեսություն, այսուհետ կտրամադրի նաև` մալուխային ինտերնետ ծառայություն: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միքայելյանը:«Հետամուտ լինելով ՏՏ ոլորտի զարգացմանն ու շուկայի պահանջներին, ընկերությունը ներկայանում է նոր առաջարկով. այսօրվանից սկսում ենք ինտերնետ ծառայությունների մատուցումը բնակչության բոլոր խավերի համար հասանելի պայմաններով: Ծառայությունը ներառում է նաև Wi-Fi մոդեմների տրամադրում` ընտանիքի բոլոր անդամներին հնարավորություն տալով միաժամանակ օգտվել ինտերնետ ծառայություններից»,-նշեց Արթուր Միքայելյանը`հավելելով, որ ընկերությունը նպատակ ունի նաև ավելի մեծ տեղ տալ բաժանորդ-օպերատոր հետադարձ կապի ապահովմանը` ընդլայնելով զանգերի սպասարկման կենտրոնը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե մալուխային ինտերնետի զարգացման ինչ միտումներ կան Հայաստանում, Արթուր Միքայելյանը պատասխանեց, որ դրա առկա և մանավանդ`պոտենցիալ բաժանորդների թիվը բավականին մեծ է Հայստանոոմ: Նա նաև հավաստիացրեց, որ 2014-ին, ներառելով Երևանի ամբողջ ինտերնետ ծածկույթը, ընկերությունը կընդլայնին նաև իր բաժանորդների թիվը:

«Ինտերակտիվ Թիվի» ընկերության մարքետինգի բաժնի ղեկավար Էդգար Դավթյանը ներկայացրեց «Ինտերակտիվ Թիվիում» տեղի ունեցած փոփոխություննները. «Քո և քո ընտանիքի համար» կարգախոսի ներքո փոխվել է ընկերության տարբերանշանը, երկու ջերմ գույները`կարմիրը և դեղինը, խորհրդանշում են ներընտանեկան մտերմությունը»,-նշեց նա:

«Ինտերակտիվ Թիվի» ընկերությունը ստեղծվել է 2006թ.-ին: 2007-ից սկսել է մալուխային հեռուստատեսություն տրամադրել Երևանի Արաբկիր, Կենտրոն թաղամասերում:

«Ինտերակտիվ Թիվի» ընկերության առաջիկա ծրագրերից են 2013 թվականին լիարժեք ցանց ունենալ Երևանի բոլոր թաղամասերում: Համաձայն որդեգրած նոր քաղաքականության, որն իրականացվում է «Քո և քո ընտանիքի համար» կարգախոսի ներքո` արդեն մշակվում են ծառայություններ, որանք ուղղված են հենց ընտանիքին: