27 մարտի 2012 - 17:48 AMT
Կուսակցությունները կկարողանան համացանցում հեռարձակել իրենց նախընտրական հանդիպումները

ՀՀ Հանրային խորհրդի և «Ազգային համագործակցություն» հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբն այսօր հանրային խորհրդում քննարկում էր կազմակերպել: Քննարկման ժամանակ «Ազգային համագործակցություն» հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբի տնօրեն Արշակ Սադոյանը ներկայացրեց իրենց կողմից մշակված առաջարկությունների փաթեթը: Նախաձեռնության նպատակն է աջակցել կուսակցություններին համացանցի միջոցով իրենց քարոզարշավն անցկացնել ավելի արդյունավետ:

«Հեռուստատեսությամբ շատ մեծ գումարներ են անհրաժեշտ, և ոչ բոլոր կուսակցություններն ունեն այդ հնարավորությունը: Այժմ Livestream կապի միջոցով կուսակցությունները հնարավորություն կունենան ուղիղ հեռարձակել հանդիպումները համցանցում: Նրանք դրա համար նախօրոք պետք է դիմեն մեր հիմնադրամին» ,- նշեց Արշակ Սադոյանը:

Հիմնադրամի sociology.am կայքում յուրաքանչյուր թեկնածուի կամ կուսակցության համար կտրամադրվեն առանձին էջեր, որտեղ նրանք կարող են տեղադրել իրենց հանդիպումների տեսագրությունները, նախընտրական ծրագրերը: Նախատեսվում է ացկացնել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների վարկանիշային հարցումներ:

Քննարկմանը ներկա էին Հայաստանի Դեմոկրատական, Կոմունիստական, «Օրինաց երկիր», «Միավորված հայեր» կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք ներկայացրեցին իրենց կուսակցությունների գործունեությունը ցանցում և համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: