27 մարտի 2012 - 18:08 AMT
ԱՄՀ-ն Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը նվազեցրել է մինչև 3.8 տոկոս` եվրագոտում անկայունության պատճառով

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) Հայաստանի տնտեսության կանխատեսումները վերանայել է, ինչի արդյունքում դիտվում է 4 տոկոսից անցում մինչև 3.8 տոկոսի: Նման կանխատեսում, ինչպես հավաստիացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, պայմանավորված է միայն արտաքին գործոններով, մասնավորապես, եվրագոտու տնտեսական աճի նվազմամբ: Անդրադառվալով ներքին գործոններին` նա ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում գրանցվել է աճ, բացառությամբ` շինարարության, որտեղ դեռևս շարունակվում է անկումը:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը, պրն. Մարկ Հորթոնի գլխավորությամբ, մարտի 14 –27-ն այցելել է Երևան` «Երկարաձգվող ֆինանսավորման » (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի չորրորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Այցի արդյունքում Հորթոնն ասել է. «Չնայած պակաս սատարող արտաքին միջավայրին` ընդհանուր մակրոտնտեսական պայմանները շարունակել են բարելավվել: Ենթադրվում է, որ 2011 թվականին տնտեսությունն աճել է 4.4տոկոսով` պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների ուժեղ աճով: Գնաճը զգալի չափավորվել է` փետրվարին կազմելով 4 տոկոսից ցածր (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), ինչին օժանդակել է կայուն դրամավարկային միջավայրը: Հարկաբյուջետային ճշգրտումը շարունակելու, ինչպես նաև արտահանման և դրամական փոխանցումների զգալի աճի շնորհիվ, զսպվել են արտաքին անհավասարակշռությունները, սակայն արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդը համեմատաբար մեծ է պահպանվում, իսկ խոցելիությունների կրճատման համար պահանջվում է լրացուցիչ ճշգրտում»: