«Հույսի կամուրջ» ՀԿ-ն հայտարարել է լուսանկարների մրցույթ`«Իմ ընկերը» խորագրով

PanARMENIAN.Net - «Հույսի կամուրջ» ՀԿ-ն հայտարարել է լուսանկարների մրցույթ`«Իմ ընկերը» խորագրով: Դրան կարող են մասնակցել մինչև 17 տարեկան բոլոր ցանկացողները: Մրցույթի նպատակն է երեխաների աչքերով ներկայացնել, թե որքանով են հաշմանդամություն ունեցող երեխաները ներգրավված կրթական և համայնքային կյանքում,ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ ունեն:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշեց, որ ցուցահանդեսը հնարավորություն կտա երեխաներին իրենց խնդիրների մասին ուղերձ հղել հասարակությանը, ընդ որում, ոչ միայն հասակակից ընկերներին, այլև, որ առավել մտահոգիչ է` հաշմանդամ երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունքով մեծահասակներին:

«Շատ ծնողներ կարծում են, որ եթե իրենց, կամ ուրիշի երեխան հաշմանդամություն ունի, ուրեմն չի կարող հավասարապես հաղորդակցվել ընկերների հետ, Հայաստանում դեռևս կան նման կարծրատիպերով ապրող մեծահասակներ, որոնց վերաբերմունքից է կախված երեխաների`հասարակությանն ինտեգրման հարցը»,-ընդգծեց Սուսաննա Թադևոսյանը:

Անդրադառնալով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե որքան է կազմել մինչ այժմ մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը, և ինչպիսին է երեխաների տրամադրվածությունը`Սուսաննա Թադևոսյանը փաստեց, որ վերջիններս արդեն իսկ ակտիվ ցուցաբերություն ունեն մրցույթին` հավելելով, որ մրցույթին մասնակցության հայտերը ամենաշատն ընդունվել է Տավուշի մարզից: Սուսաննա Թադևոսյանի համոզմամբ սա պայմանավորված է մարզում բազում ներառական դպրոցների առկայությամբ, որտեղ երեխաների գիտակցական մակարդակը խնդրի շուրջ առավել բարձր է:

Հանաձնաժողովի ընտրած լավագույն աշխատանքները կցուցադրվեն հունիսի 1-ին` Սիրահարների այգում կայանալիք ցուցահանդեսին: Հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով և պատվոգրերով, գլխավոր մրցանակակիրը կստանա ֆոտոխցիկ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---