28 մարտի 2012 - 12:27 AMT
Հարութ Սասունյան. ԱՄՆ իշխանությունները քողարկում են Թուրքիայի գործողությունները

ԱՄՆ իշխանությունները փորձել են խեղաթյուրել Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի զեկույցի բովանդակությունը, իր հոդվածում գրում է «The California Courier» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Զեկույցում Թուրքիայի կառավարությունը դատապարտվում էր քրիստոնյա փոքրամասնությունների կրոնական իրավունքները ոտնահարելու համար: Մարտի 20-ին Հանձնաժողովը հրապարակեց մեծածավալ զեկույց, որում մանրամասնորեն նկարագրվում են «թուրքական կառավարության կողմից կրոնի կամ հավատքի ազատության նկատմամբ կիրառվող շարունակական և արտասովոր սահմանափակումները, որոնք բացասական են անդրադառնում Թուրքիայի բոլոր կրոնական համայնքների վրա և հատկապես սպառնում են երկրի ոչ մուսուլմանական կրոնական փոքրամասնություններին»: Զեկույցում առաջարկվում էր, որ ԱՄՆ Կառավարությունը Թուրքիային համարի կրոնական ազատությունը ոտնահարող 16 վատագույն պետություններից մեկը՝ Բուրմայի, Չինաստանի, Եգիպտոսի, Էրիտրեայի, Իրանի, Իրաքի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Վիետնամի հետ միասին: Զեկույցում հանգմանալից նկարագրվում են հայկական համայնքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, ներառյալ նոր հոգևորականների պատրաստման Թուրքիայի կառավարության կողմից արգելումը և նրա միջամտությունը «Հայկական Պատրիարքության կրոնական առաջնորդության ընտրության գործընթացում»։

Սասունյանի խոսքով` թուրք պաշտոնատարները դիմեցին իրենց սովորական անարգական քարոզարշավին` ժխտելով Հանձնաժողովի հրապարակած արդյունքները: Առավել անհանգստացնող էին ԱՄՆ պետդեպարտամենտում թուրքասերների նենգ գործողությունները: Հանձնաժողովի ինն անդամներից մեկը` Նինա Շեան հրապարակել էր մի ահազանգող հոդված, որտեղ բացահայտում էր այն ծածուկ ճնշումները, որոնք Օբամայի վարչակազմը գործադրում էր Հանձնաժողովի վրա` Թուրքիայի դատապարտումը մեղմացնելու համար: Այդ իսկ պատճառով, անկախ զեկույցի բովանդակությունից, ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունները Թուրքիայում իրադրության մասին չեն փոխում երանգը, գրում է Հարութ Սասունյանը: