28 մարտի 2012 - 17:13 AMT
ԵՊԼՀ-ն այսուհետ կպատրաստի նաև եվրոպագետների

Երևանի պետական լեզվաբանական համալսարանն այսօր ՀՀ ԿԳՆ-ի կողմից ստացել է «Եվրոպագիտություն» մասնագիտության գծով և նույն բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, մագիստրոսի որակավորման աստիճանի շնորհման ուղղությամբ գործունեության թույլտվություն:

Եթե նախկինում եվրոպագիտությունը երկրագիտություն առարկայի մի մասն էր միայն, այժմ այն կդիտարկվի և կուսումնասիրվի որպես առանձին ճյուղ: Այս մասին հայտնեց բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը այսօր` ուսումնական ծրագրի շնորհանդեսի ժամանակ: Նրա փաստմամբ`համալսարանը համագործակցել է Ղազախստանի, Չինաստանի, Իրանի և այլ երկրների հայտնի համալսարանների հետ, որտեղ նույնպես դասավանդվում է եվրոպագիտություն.տեղի է ունեցել փորձի փոխանակում:

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանն էլ նշեց, որ թեև եվրոպագիտություն մասնագիտության գծով գործունեության համար առավել շատ ժամանակ է հարկավոր, այնուամենայնիվ, հաշվի առնելով եվրոպական ինտեգրման կարևորումը ԵՊԼՀ-ի կողմից, միանշանակ կարելի ասել, որ գործունեությունը արդյունավետ կլինի:

«Մասնագիտության գծով գործունեության թույլտվությունը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող, հատկապես կարևորում եմ բուհի կողմից նոր մասանգետների`եվրոպագետների պատրաստումը»,-նշեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ ներկայացրեց եվրոպագիտության մասնագիտացման գծով Վիշեգրադի երկրների`Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Լեհաստանի հայտնի համալսարանների փորձը.

«Վիշեգրադի երկրների և Հայաստանի միջև տեղի է ունեցել եվրոպագիտության մասնագիտության գծով փորձի փոխանակում`փոխադարձ այցերի միջոցով: Վիշեգրադյան երկրները, ինչպես Հայաստանը, նախկին սոցիալիստական երկրներ են և նրանց փորձը ուսուցողական կարող է լինել մեր երկրի համար»,-ընդգծեց նա:

«Թեև դեռ մի տարի ժամանակ ունեմ, արդեն որոշել եմ, որ մագիստրոսի որակավորումը ստանալու եմ հենց եվրոպագիտության մասնագիտության գծով, մինչ այժմ մենք մի քանի առարկաների միջոցով ենք միայն ծանոթացել եվրոպական քաղաքակրթության պատմությանը, մշակույթին և ինտեգրման անհրաժեշտությանը, այժմ եվրոպագիտությունն առանձին ուսումնասիրելու հնարավորություն կլինի»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵՊԼՀ երրորդ կուրի ուսանողուհի Սյուզի Սարուխանյանը: