28 մարտի 2012 - 18:17 AMT
Կարեն Անդրեասյան. Չկա պատշաճ հսկողություն հաց արտադրողների գործունեության նկատմամբ

Մարդու իրավուքնների պաշտպան Կարեն Անդրեասյանը անդրադարձել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրներին: Մասնավորապես, օմբուդսմենը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նորաստեղծ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից դեռևս լիարժեք հսկողություն չի իրականացվել մսամթերքի վաճառքի նկատմամբ, մինչդեռ գյուղատնտեսության նախարարության գործառույթների շրջանակն, ի թիվս այլ բնագավառների, ընդգրկումէ նաև սննդամթերքի անվտանգությունը:

Չի ներդրվել գյուղատնտեսական ապահովագրությունը, այնինչ նման ապահովագրությունը կարող է ապահովել բնական աղետների հետևանքով գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին հասցված վնասների փոխհատուցումը:

Ըստ Կարեն Անդրեասյանի, չնայած ապրանքարտադրողների համար տնտեսվարման բարենպաստ միջավայր ստեղծելուն, նախարարության կողմից ձեռնարկված գործնական ու դրական քայլերին, արդյունքները բավարար չեն եղել: Նախարարության անվտանգության պետական ծառայությունը չի իրականացրել պատշաճ հսկողություն հաց արտադրող ընկերությունների գործունեության նկատմամբ:

Հանրապետությունում առկա չէ սպանդանոցային բավարար ցանց՝ անասնագլխաքանակի մորթը պատշաճ ձևով իրականացնելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև դրական զարգացումներ: Մասնավորապես, գյուղատնտեսության բնագավառում նախորդ տարվա համեմատ համախառն արտադրանքի աճը կազմել է շուրջ 14.1 տոկոս, որի ավելացումը եղել է անասնապահական հիմնական մթերքների արտադրության, ձկնաբուծության, բանջարեղենի, պտուղների ծավալների մեծացման հաշվին:

2011 թվականին հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 34.8 տոկոսով, էականորեն բարձրացել է մշակաբույսերի բերքատվությունը և արտադրության արդյունավետությունը:

Դրական տեղաշարժեր են գրանցվել պտղաբուծության բնագավառում: Պտղի համախառն արտադրանքը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 83.7 տոկոսով:Աճ է գրանցվել նաև բուսաբուծական մյուս մթերքների արտադրության ուղղությամբ: Վերամշակող ընկերությունների կողմից բանջարեղենի և պտղի մթերումները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը, համապատասխանաբար` 1.7 և 3.9անգամ: Պտուղբանջարեղենի մթերումների դիմաց վճարումները կատարվել են ամբողջությամբ:

Նախարարության նախաձեռնությամբ կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն են ընձեռում գյուղատնտեսությունում օգտագործվող տրակտորների, այլ տեխնիկայի, պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների ներմուծումը, ինչպես նաև ներքին շուկայում, իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելով նպաստել այդ ռեսուրսների` գյուղատնտեսությունում տնտեսվարողների կողմից ձեռք բերման մատչելիությանը, դրանց ներմուծման և օգտագործման ծավալների ընդլայնմանը:

Կարեն Անդրեասյանը հավելել է, որ աջակցություն է ցուցաբերվել կոոպերատիվների տեխնիկական միջոցների հագեցվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ:Հանրապետության անասնապահությամբ մասնագիտացված 5 մարզի 33 համայնքներում ստեղծվել են սպառողական կոոպերատիվներ: