Հայաստանի նախագահ. Մենք սովորելու բան ունենք Սինգապուրից

Հայաստանի նախագահ. Մենք սովորելու բան ունենք Սինգապուրից

PanARMENIAN.Net - Ի պատիվ պետական այցով Սինգապուրի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից այսօր տրվել է պետական ընթրիք: Իր բաժակաճառում նախագահ Սարգսյանը նախ երախտագիտություն է հայտնել Սինգապուրի նախագահին և երկրի իշխանություններին ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել հայ-սինգապուրյան հարաբերությունների ավանդաշատ պատմությանը, ներկային և խոստումնալից հեռանկարին: Մասնավորապես, նա նշել է. «Չնայած սակավությանը, հայերն իրենց արժանի ներդրումն են ունեցել Սինգապուրի հասարակական և տնտեսական կյանքի ամենատարբեր ոլորտներում, ինչը, իմ որակմամբ, նաև ձեր ժողովրդից ներազդվելու արդյունք է: Չէ՞ որ փոքր քանակն ու բարձր որակը մեծապես ներհատուկ է Սինգապուրի տաղանդաշատ ժողովրդին»: Սարգսյանը նշել է, որ գոյություն ունեն բոլոր նախադրյալները միջպետական հարաբերությունների որակական նոր մակարդակի զարգացման համար: Հայ-սինգապուրյան հարաբերություններում որակական նոր փուլ ազդարարեց 2009թ. Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուի այցը Հայաստան: «Մենք սովորելու բան ունենք Սինգապուրից, մենք հիշում ենք պարոն Լի Կուան Յուի Երևանում տված իմաստուն խորհուրդը. «Դուք պետք է կրթեք մարդկանց, ստիպեք ապրել և մտածել առաջին կարգի աշխարհի քաղաքացու պես: Ձեր հայացքն ուղղեք դեպի Եվրոպա, Ամերիկա և Արևելյան Ասիա»,- հիշեցրել է նախագահը: Ամփոփելով իր խոսքը` ՀՀ նախագահն ասել է, որ այս տարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը պարտավորեցնում է, որպեսզի երկուստեք արվի հնարավորը, և ժողովուրդներն ավելի լավ ճանաչեն միմյանց, իսկ երկկողմ հարաբերությունները որակական վերընթաց զարգացում ապրեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---