29 մարտի 2012 - 13:30 AMT
Բիշարյանը չի բացառում, որ ՕԵԿ-ի դեմ սև PR իրականացնում են նաև կոալիցիոն գործընկերները

Այսօր Երևանում կյացած մամուլի ասուլիսում «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հստակ պատասխան չի տվել, թե ով է սև PR իրականացնում ՕԵԿ-ի դեմ, ինչի մասին այդքան հաճախ են խոսում կուսակցության ղեկավարները: Ընդ որում, նա չի բացառել, որ բացի ընդդիմությունից, սև PR կարող են իրականացնել նաև կոալիցիոն գործընկերները. «Ես այնքան էլ միամիտ չեմ»: Այս համատեքստում նա ընդգծել է, որ «Օրինաց երկիրը» կողմ է հանդես գալիս քաղաքակիրթ մեթոդներին և դեմ` պայքարի նման ձևերին:

Բիշարյանը հավելել է, որ երբ հայկական մամուլ ես կարդում, պարզ է դառնում` թե որ նյութի ետևում ով է կանգնած: Նա նաև մեկնաբանել է ԶԼՄ-ների տարածած տեղեկություններն այն մասին, որ ՕԵԿ-ը բնակչության շրջանում մուրաբա է բաժանել` հայտարարելով, որ դա եղել է կոնկրետ շտաբերի, այլ ոչ թե կուսակցության նախաձեռնությունը:

Նա ընդգծել է, որ կուսակցությունը պայքարելու է ըտնրողներին կաշառելու դեմ: Ընդ որում, այն հարցին, արդյոք դա նշանակում է, որ իրենք մտադիր են պայքարել նաև ՀՀԿ-ի դեմ, Բիշարյանն ընդգծել է, ՀՀԿ-ն այնպիսի աշխատանք է տարել, որ արդյունքի հասնելու համար ընտրաձայներ գնելու մեթոդին դիմելու կարիք չի լինի:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին, ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ և մեկ նախընտրական բլոկ` ի դեմս ՀԱԿ-ի: ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: