29 մարտի 2012 - 13:56 AMT
Երևանը, Վանաձորը և Կապանը կմիանան «Մոլորակի ժամը» ակցիային

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) ՀՀ բնապահպանության նախարարության և Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ հերթական անգամ կազմակերպում են «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան Հայաստանում, որի նպատակն է միավորել հասարակությանը եւ բիզնես աշխարհին, կառավարություններին եւ համայնքներին` մեկ ժամով անջատելու լույսերը` հանուն մեր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման:

Անցած տարի «Մոլորակի ժամ»-ին իրենց մասնակցությունն են ունեցել ավելի քան 5200 քաղաքներ 135 երկրներում, որոնց թվում էին 89 մայրաքաղաքներ: Այս տարի ակցիային միանում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքամայր` Երեւանը, ինչպես նաև Վանաձոր և Կապան քաղաքները: Քաղաքներում մեկ ժամով անջատվելու են շենքերի, հրապարակների, պողոտաների ու փողոցների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան:

«Մոլորակի ժամ»-ը աշխարհում կնշվի մարտի 31-ին, ժամը 20:30-ից, իսկ տեղական ժամանակով`21:30-ին:

«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ անցկացվել է 2007թ.-ին` Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էր արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիայի աղբյուրները: Աստիճանաբար ակցիան ձեռք բերեց մեծ հեղինակություն` ապահովելով ավելի քան 1 մլրդ բնակչության մասնակցությունը ողջ աշխարհում: