29 մարտի 2012 - 17:30 AMT
ԱՄՆ ՄԶԳ-ն կնպաստի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զարգացմանը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Մարդու իրավունքների պաշտպանի միջև այսօր փոխհամաձայնության հուշագիր կնքվեց:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաև «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ներկայացուցիչները:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ հուշագիրը հաստատում է առաջիկա մեկ տարվա ավելի ամփոփ համագործակցության շրջանակները և ուղղված է մարդու իրավունքների պաշտպանի` որպես ինստիտուտի զարգացմանն ու ճանչելիությանը. «Այս հուշագրի վրա աշխատել ենք շուրջ մեկ տարի, և հիմա ժամանակն է այդ գործունեցությունը իրավական հիմքով ամրագրելու»:

Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ ԱՄՆ կառավարությունից իրենք ստանում են ոչ միայն նյութական, այլև տեխնիկական, մասնագիտական աջակցություն, որի շնորհիվ հնարավոր է լինում հզորացնել ՄԻՊ գրասենյակի կարողությունները:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը նշեց, որ այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեհամակարգի վրա և այն արժեքների, որոնք պաշտպանվում են հենց ՄԻՊ գրասենյակի միջոցով. «Հուշագրի միջոցով մենք մեր համեստ ներդրումն ենք ուզում ունենալ ՄԻՊ գրասենյակի զարգացման գործում»:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիման կարևորեց հատկապես քաղաքացիական հասարակության զարգացմանը միտված աշխատանքները. «Շատ ուրախ եմ, որ այն կազմակերպությունները, որոնց հետ մենք համագործակցում ենք այս ոլորտում, նույնպես ներգրավված են լինելու հետագա աշխատանքներում»: