29 մարտի 2012 - 17:31 AMT
Հայ Առաքելական եկեղեցին դասընթացների շարք է անցկացնում ուսանողների համար

Երևանի պետական համալսարանում այսօր սկսվեց Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու դավանաբանության, խորհուրդների և ծեսերի մասին դասընթացը, որը նախատեսված է ուսանողների համար: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Արարատյան Հայրապետական թեմից` դասընթացի նպատակը ուսանողներին Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու մասին հիմնարար գիտելիքներ տալն է և քահանաների հետ անմիջական շփման հնարավորություն ստեղծելը:Դասընթացի ժամանակ Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը ուսանողների համար կմեկնաբանի Առաքելական Եկեղեցու գործառույթներն ու եկեղեցական կյանքին ծխական համայնքի մասնակցության հարցերը, կխոսվի եկեղեցուն անդամագրվելու կարգի, Աստվածաշունչ կարդալու մշակույթի մասին:

Ծրագիրն առաջին անգամ կազմակերպվելու է Երևանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետների ուսանողների շրջանում`շաբաթական մեկ հանդիպման և ընդհանուր առմամբ հինգ ճանաչողական ներկայացումների ձևով: Ուսանողներին տրամադրվելու են աղոթագրքեր: Դասընթացը նախատեսվում է իրականացնել նաև այլ բուհերում և ուսումնական հաստատություններում: