29 մարտի 2012 - 17:37 AMT
Փորձագետ. Լիբիայի սցենարը Սիրիայում չի կրկնվի

«Լիբիայի սցենարը Սիրիայում չի կրկնվի»,-հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը այսօր կայացած մամլո ասուլիսում: Ըստ փորձագետի, Սիրիայի կառավարությունն ու բանակը բավականին հզոր են, իսկ Ասադին աջակցում է բնակչության մեծ մասը: Իրավիճակը կայունացել է և այնպիսի ցնցումներ, ինչպես Լիբիայում, Սիրիայում չեն լինի: Սաֆրաստյանը հավելել է նաև, որ իշխանություններին սատարում են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք թույլ չեն տա ուղղակի ռազմական միջամտություն: Ըստ նրա, հնարավոր է, որ Քոֆի Աննանի միջնորդության շնորհիվ իշխանություններն ու ընդդիմությունը փոխզիջման գան՝ Բաշար Ասադի հրաժարականի պայմանով: PanARMENIAN.Net-ի թղթակցի ալևիների հետագա ճակատագրի մասին հարցին ի պատասխան փորձագետը ենթադրել է, որ իշխանությունը նրանց ձեռքում կմնա, նույնիսկ Ասադի հեռանալուց հետո, սակայն որոշ պաշտոններ այնուամենայնիվ նրանք կզիջեն սունիներին: