29 մարտի 2012 - 18:21 AMT
Լիբանանում նշել են Եղիշե Չարենցի 115-ամյակը

Մարտի 28-ին Բեյրութի «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում ՀՀ սփյուռքի նախարարության և Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, ինչպես նաև «Ծաղիկ» գրական ազգային շաբաթաթերթի մասնակցությամբ տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի 115-ամյակին: Միջոցառումն անցկացվում է հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Չարենցի կյանքին և գրական գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանը:

Գրական երեկոն ուղեկցվել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործության ընթերցմամբ, ասմունքող Անի Սարաֆյան-Եփրեմյանը արտասանել է «Ես իմ անուշ Հայաստանի» և «Սայաթ Նովա» բանաստեղծությունները, իսկ երիտասարդ երաժիշտները կատարել են Սայաթ Նովայի, Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Միջոցառման ավարտին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը կարևորել է երեկոյի անցկացումը, ներկայացրել է մանրամասներ ապրիլին Երևանում նախատեսվող միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն հայ գրատպության 500-ամյակին և Երևանը՝ որպես 2012 թ. համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու ծրագրին: Նա ընդգծել է, որ հայ գրականությունը, պոեզիան, հայ ընտանիքի, կրթօջախների և եկեղեցու հետ մեկտեղ հայկականության ոգու, հարուստ բարոյական, մշակութային, կրթական և գրական արժեքների պահպանման և ամրապնդման երաշխիքն ու հենասյունն է: Դեսպան Քոչարյանը հրապարակել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահ մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանին ունեցած բազմամյա ստեղծագործական վաստակի համար ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» ոսկե մեդալով պարգևատրելու մասին: