30 մարտի 2012 - 15:16 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանցագործ է, որը վաղուց պետք է բանտում լիներ, կարծում է Հայկ Բաբուխանյանը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանցագործ է և պետք է բանտ նստեր 2008-ի ողբերգական դեպքերի և մինչ այդ գործած այլ հանցավոր արարքների համար:

Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: «Նրա վերջին սադրանքը 2008-ի մարտի 1-ն էր, որի համար նա պետք է բանտ նստեր, սակայն չգիտես ինչու նրա ամերիկացի և եվրոպացի «հայրերը» փրկեցին նրան բանտից»,- ասել է նա:

Բաբուխանյանի խոսքով, մարտի 1-ը Լևոն Տեր-Պետրոսյանի ֆաշիստական գաղափարախոսության, «Ով մեզ հետ չէ, նա սրիկա է» կարգախոսի հետևանքն է եղել:

Նա հավելել է, որ պետք է զգոն լինել, որպեսզի ՀՀՇ-ականները մայիսյան ընտրություններից հետո չկրկնեն «մարտի 1-ը և այլ սադրանքներ, որպեսզի վտանգի չենթարկեն Հայաստանի Հանրապետությունում կայունությունը»:

Բաբուխանյանը նաև մեկնաբանել է ՀԱԿ կողմից գալիք ընտրությունների քննադատությունը: «Այսօր ընտրություններում կեղծիքների մասին խոսում է թիվ մեկ կեղծողը՝ ՀՀՇ-ն, ՀԱԿ-ը: Հանցագործը, ով կեղծել է 1995-ի և 1996-ի ընտրությունները, ով դրա համար պետք է բանտ նստեր»,- նշել է նա: Բաբուխանյանը հեգնանքով նշել է, որ «Տեր-Պետրոսյանն ընտրություններում կեղծիքների կնքահայրն է, իսկ Գագիկ Ջհանգիրյանը՝ կնքամայրը»: