26 մարտի 2004 - 19:11 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ԱՆԿԱՐԱՆ ՊԵՏՔ Է ՄՏՈՐԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐԻ ՇՈՒՐՋ
Պաշտոնական Անկարան պետք է համապատասխան հետեւություններ անի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արված հայտարարություններից` ըստ որի Թուրքիան բնորոշվում է որպես «իր ձեռքերում գտնվող լծակ»: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ալիեւի արտահայտությունն այն մասին, որ «Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների բացումն անհնարին կդարձնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, քանի որ Ադրբեջանը կկորցնի Հայաստանի հանդեպ շատ կարեւոր լծակ` ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը»: «Այնպիսի ազդեցիկ պետության համար, ինչպիսին Թուրքիան է, հարեւան երկրի առաջնորդի նման հայտարարությունը պետք է անընդունելի լինի»,- ընդգծել է Վ.Օսկանյանը: Ինչ վերաբերում է Երեւանի դիրքորոշմանը, ապա ՀՀ նախարարի խոսքերով` հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի եւ, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: