31 մարտի 2012 - 10:55 AMT
17 խաղաղ աֆղանցիների սպանության համար մեղադրվող Բեյլսը կենթարկվի հոգեբուժական փորձաքննության

Ամերիկացի սերժանտ Ռոբերտ Բեյլսը, որին մեղադրում են 17 խաղաղ աֆղանցիների սպանության մեջ, հոգեբուժական փորձաքննություն կանցնի: Հետազոտությունը կանցկացվի Կանզասի ռազմական բանտում, որտեղ գտնվում է 38-ամյա սերժանտը: ԱՄՆ իշխանությունները խոստանում են դիմել լավագույն մասնագետներին:

2012թ. մարտի 11-ին Բեյլսը, լքելով Քանդահարում տեղակայված ռազմակայանը, որտեղ ծառայում էր, 17 մարդ է սպանել մոտակա երկու աֆղանական գյուղերում: Որպես դրդապատճառներ նշվում են ալկոհոլը, վեճը կնոջ հետ, ինչպես նաև տարած սթրեսը ծառայակցի վիրավորման պատճառով:

Ինքը Բեյլսը, որին մարտի 23-ին 17 կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացվել, պնդում է, որ հիշում է միայն այդ օրվա առավոտն ու երեկոն, իսկ բուն սպանդը չի հիշում: Զոհերի թվում 9 երեխա է եղել, հայտնում է Լենտա.ռու-ն: