31 մարտի 2012 - 13:50 AMT
ԲՀԿ երիտասարդ գործիչները գտնում են, որ «կոալիցիան արդեն անցյալում է»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակում ընդգրկված Տիգրան Ուրիխանյանն (N 19) ու Վահան Բաբայանը (N 20) իրենց մոտեցումներն են ներկայացրել իշխող կոալիցիայի վերաբերյալ, որի անդամներից մեկը ԲՀԿ-ն է:

«Մինչ ընտրությունները մնացել է 35 օր և նախընտրական շրջանում կոալիցիան արդեն անցյալում է»,-հայտարարել է լրագրողներին Վահան Բաբայանը: «Կոալիցիա արդեն գոյություն չունի, նախընտրական արշավ է սկսվել»,-ասել է Վահան Բաբայանը՝ հիշեցնելով, որ կոալիցիոն կուսակցություններից յուրաքանչյուրն ընտրությունների է գնում առանձին:

Իր հերթին Տիգրան Ուրիխանյանը հիշեցրել է ավելի վաղ արտահայտած իր անձնական կարծիքը, որ «կոալիցիան դա կազմավորում է, որը ստեղծվել է իրավական ակտի հիման վրա, այն կրում է ժամանակավոր բնույթ և ենթադրում է որոշակի պարտավորությունների ստանձնում, այն միավորում է քաղաքական ուժերին համատեղ կառավարման համար՝ «ունենալով իր սկիզբն ու ավարտը»: Ըստ ԲՀԿ ներկայացուցչի, չի կարելի կոալիցիայի անդամ քաղաքական ուժերին նույնացնել:

«Կոալիցիան բնականաբար չի կարող հավերժ լինել և ժամանակավոր բնույթ է կրում, և բնականաբար, հուշագիրը ստորագրած ուժերը մասնակի պարտավորություններ ստանձնեցին…Ես կցանկանայի, և այն ժամանակ, և հիմա, որ պատասխանատվությունը լիովին մենք ստանձնեինք: Ես հստակ ասում եմ, որ մենք կցանկանայինք, որ ողջ պատասխանատվությունը մենք կրեինք»,-ասել է նա: Ուրիխանյանը հավելել է, որ ԲՀԿ-ն այժմ հանդես է գալիս, որպես այլընտրանք բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաև կոալիցիոն, «որպես այլընտրանք հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերին, որն իր ծրագիրն ունի ու ցանկանում է սեղմ ժամկետներում իրագործել իր բարեփոխումները, որոնք ցանկացած քաղաքացի որակապես իր վրա կզգա»:

Ինչ վերաբերում է լրագրողների հարցին, թե կոալիցիոն հուշագրում ամրագրված է նաև այն դրույթը, որ ԲՀԿ-ն պարտավորվում է 2013թ. նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահի թեկնածությանը, Ուրիխանյանն ասել է, որ այդ հարցի պատասխանը ժամանակին տվել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա միայն նշել է, որ «դա վերաբերում է ազգային, պետական շահերին, և շահարկումներն այստեղ ավելորդ են»: