31 մարտի 2012 - 16:15 AMT
Երևանի քաղաքապետարանում բացվել է «Կինը և բիզնեսը» ցուցահանդեսը

Քաղաքապետարանում այսօր արդեն 10-րդ անգամ անցկացվում է «Կինը և բիզնեսը» մասնագիտացված ցուցահանդեսը: Էքսպոն, որի նպատակն է խրախուսել կին ձեռներեցներին, կազմակերպել են «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը և ՀՀԿ-ի կանանց խորհուրդը:

Ցուցահանդեսին մասնակցում են հագուստ, զարդեր, հրուշակեղեն և այլ տեսակի ապրանքներ ներկայացնող շուրջ 60 ընկերություններ:

Խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ շատ է կարևորում արդեն ավանդական դարձած ցուցահանդեսի անցկացումը. «Ցուցահանդեսի ընթացքում ձեռներեց կանանց համար հնարավորություն է ստեղծվում ոչ միայն ներկայացնել իրենց աշխատանքները, այլև քննարկել կանանց գարծարարության ոլորտում եղած խնդիրները»: Նա հավելեց նաև, որ այս տարի ցուցահանդես կլինի նաև աշնանը, որը նախատեսված կլինի ավելի սկսնակ կին գործարարների համար, ովքեր զբաղվում են ժողովրդական արվեստների վերականգնմամբ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացման խոսքում ասաց, որ քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ միջոցառումների համար. «Համոզված եմ, որ գործարար կանայք քաղաքապետարանի ռեսուրսն օգտագործելով, էլ ավելի կկայունացնեն, կամրապնդեն ու կզարգացնեն իրենց գործունեությունը»: