1 ապրիլի 2012 - 17:14 AMT
Դավութօղլու. Աննանի նախագիծը Ասադի վերջին հնարավորությունն է

Աննանի նախագիծը Բաշար Ասադի համար երկրում ճգնաժամը հաղթահարելու վերջին հնարավորությունն է: Այս մասին կիրակի Ստամբուլում «Սիրիայի բարեկամներ» խմբի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է Ալ-Ջազիրա հեռուստաալիքը:

Կիրակի Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ առաջաինը չեն դադարեցնի կրակը: Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսին հայտարարել է, որ կառավարական զորքերը կլքեն սիրիական քաղաքների բնակելի թաղամասերը, երբ այդ վայրերում կվերականգնվի անվտանգությունը:

Ստամբուլում ընթացող Սիրիայի բարեկամների հանդիպմանը մասնակցում են ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ և մի շարք միջազգային կազմակերպություններ: ՄԱԿ-ի ԱԽ-ի Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները հանդիպմանը չեն մասնակցում:

Սիրիայում մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալներով երկրում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը, իսկ 200 հազար բնակիչ ձեռք է բերել փախստականի կարգավիճակ: