2 ապրիլի 2012 - 12:47 AMT
Մանկավարժական համալսարանում աշխատանքն է սկսել միջմշակութային հաղորդակցությանը նվիրված գիտաժողովը

Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր սկսվեց երկօրյա «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովը: Այն Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում անցկացվող ևս մեկ միջացառում է:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բացման խոսքում նշեց, որ մեր երկրում տարեցտարի ընդկայնվում են ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակները. «Ամեն տարի ավելի շատ ուսումնական հաստատություններ են մասնակցում այդ միջոցառումներին, որի մեջ իր մեծ ներդրումն ունի նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը»:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորեց հատկապես գիտաժողովի թեման. «Այն կնպաստի ֆրանկոֆոն երկրների հետ միջմշակութային կապերի ու հարաբերությունների զարգացմաը: Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվել է շուրջ 250 միջոցառում, ինչն արդեն իսկ մեծ հաջողություն է»:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ մեծ հաճույք է ստանում առաջին անգամ մանկավարժական համալսարանում բացելով գիտաժողովը. «Հուսով եմ`գիտաժողովը կնպաստի նրան, որ հետագայում կլսեմ գեղեցիկ ֆրանսերենով խոսող ուսանողների»:

Գիտաժողովը կտևի 2 օր, որի ընթացքում կներկայացվեն միջմշակութային հաղորդակցությանը նվիրված թեմաներով զեկույցներ: