2 ապրիլի 2012 - 13:39 AMT
Ռուբեն Հակոբյան. «Ժառանգության» ցուցակը գաղափարական հենքի վրա դաշինքի եզակի օրինակներից է

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ կուսակցության ընտրացուցակը առաջիկա խորհրդարանական ընտրություններում գաղափարական հենքի վրա կազմված դաշինքի եզակի օրինակներից է: «Մեր քաղաքական կյանքում ներկայումս սա եզակի դեպք է, երբ ձևավորվում է մի կազմավորում, որը ոչ միայն ընտրական միավորում է, այլ միավորում է քաղաքական-գաղափարախոսական հիմքի վրա, հետագա համագործակցության ծրագրով»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

«Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանը նշել է, որ ընտրացուցակը կազմվել է հավասարության սկզբունքով «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» ու հանրային հատվածի հետ: «Սա իրավիճակային միավորում չէ, այլ տևական համագործակցության սկիզբ»,-ասել է նա՝ հավելելով, որ նրանց նպատակն է կյանքի կոչել քաղաքացիական հասարակության պահանջները:

Իր հերթին «Ժառանագության» ընտրացուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել ցուցակում հասարակական հատվածի ներկայացուցիչների ընդգրկելու համար և նշել է, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» այս դաշինքում նրան գրավել են ազատականության գաղափարները, որի կրող են հանդիսանում երկու կուսակցությունները: