2 ապրիլի 2012 - 16:15 AMT
7-ամյա ընդմիջումից հետո Երևանում ելույթ կունենա «Տոկիո» լարային քառյակը

«Տոկիո» լարային քառյակը Հայաստանում համերգ է ունենալու 7 տարվա ընդմիջումից հետ: Խմբի առաջին ջութակ Մարտին Բիվերը Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց, որ սա նրանց երկրորդ այցն է Հայաստան: «Չափազանց հուզված ենք, որ մեկ անգամ ևս ելույթ ենք ունենալու այդ հրաշալի համերգասրահում` հրաշալի հանդիսականի համար»,-ասաց երաժիշտը:

Քառյակի ելույթով ապրիլի 3-ին կբացվի «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Խմբի երաժիշտները, որոնցից մեկը Հայաստան կժամանի այսօր երեկոյան, հաջողության գրավականն են համարում իրենց նվիրվածությունն ու ծրագիրը, որով ելույթ են ունենում ողջ աշխարհում: Խմբի անդամ է եղել նաև հայազգի Պիտեր Ունջյանը, ով վնասելով ձեռքը, դարձել է դիրիժոր: Հայաստանի հետ նրանց կապում է նաև այն փաստը, որ ջութակահարներից մեկը եղել է Իվան Գալամյանի աշակերտը, որի աշակերտներից է նաև հռչակավոր Պինխաս Ցուկերմանը:

Փառատոնի նոր գործընկերն է Երևանի քաղաքապետարանը: Քառյակի ելույթը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Տոկիո» քառյակը կազմավորվել է 1969 թ-ին: Խմբի այսօրվա անդամները` ջութակահարներ Մարտին Բիվերը և Կիկուեի Իկեդան, ալտահար Կազուհիդե Իսոմուրան և թավջութակահար Քլայվ Գրինսմիթը պահպանում են քառյակի 43 տարվա լավագույն ավանդույթները, համագործակցում են աշխարհի լավագույն երաժիշտների և կոմպոզիտորների հետ, ձայնագրում բազմաթիվ սկավառակներ: Հիմնականում ձայնագրվել են Բեթհովենի, Մոցարտի և Շուբերտի ստեղծագործությունները:

Քառյակը նվագում է Ստրադիվարիուսի գործիքներով, բացառությամբ որոշ երկրների՝ գործիքների տիրոջ` «Նիպոն» ընկերության ցանկությամբ: Սակայն նրանք նշում են, որ Հայաստանում նվագելու են հենց այդ գործիքներով: Պագանինին 17-18-րդ դարերում պատրաստված այդ գործիքները (ջութակները՝ 1680 և 1727, ալտը՝ 1731, և թավջութակը՝ 1736 թվականներ) ձեռք է բերել 19-րդ դարում: Պագանինին ունի բազմաթիվ ստեղծագործություններ, հենց այդ գործիքների վրա գրած: Գործիքները ձեռք է բերել Ճապոնիայի «Նիպոն» երաժշտական հիմնադրամը Վաշինգտոնի «Քորքորան» արվեստի պատկերասրահից և հանձնել աշխարհի լավագույն երաժիշտներին: