2 ապրիլի 2012 - 18:19 AMT
Երևանի քաղաքապետ. Քաղաքի դռները միշտ բաց են «Տոկիո» քառյակի առջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևանյան հեռանկարներ» 13-րդ երաժշտական միջազգային փառատոնի մասնակից «Տոկիո» լարային քառյակի անդամներին և փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը շնորհավորել է 2012 թվականի համերգաշրջանի բացման կապակցությամբ և կարևորել քառյակի մասնակցությունը երևանյան մշակութային կյանքին:

«Մեր քաղաքը մշակութային հարուստ պատմություն ու ներկա ունի և մեզ համար պատիվ է հյուրընկալել ձեզ Երևանում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասում երևանցիներին»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի դռները միշտ բաց են քառյակի առջև:

Շնոհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար` քառյակի անդամները նշել են, որ, իրենք տպավորված են ու երջանիկ 7 տարի անց` 2-րդ անգամ գտնվել 2794-ամյա քաղաքում և անհամբեր սպասում են երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը:

Քաղաքապետը հյուրերին առաջարկել է ազատ ժամանակը տնօրինել քաղաքին ծանոթանալով և հույս հայտնել, որ քառյակի հետ հաջորդ հանդիպումը չի ուշանա ու երևանյան հանդիսատեսը ավելի հաճախ հնարավորություն կունենա ունկնդրել երաժշտախմբի կատարումները: