Հայ գյուղացին մշտապես աղոթքով է հերկել իր արտն ու բերքահավաք կատարել

Հայ գյուղացին մշտապես աղոթքով է հերկել իր արտն ու բերքահավաք կատարել

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքն ապրիլի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ուղեկցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգից, հանդիպման սկզբում Արտակ եպիսկոպոսը, անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նախարարության միջև արդեն ձևավորված համագործակցությանը, կարևորեց նոր գյուղատնտեսական տարին Սուրբ Էջմիածնի օրհնությամբ սկսելու նախաձեռնությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով այցը նշեց, որ հայ գյուղացին մշտապես աղոթքով է հերկել իր արտն ու բերքահավաք կատարել` իր կյանքը շաղախելով Աստծու օրհնությամբ:

Սերգո Կարապետյանը ներկայացրեց գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ձեռնարկները, արձանագրված արդյունքները և նախանշված ծրագրերը: Նախարարն իր խոսքում նշեց, որ չնայած գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացին, նախարարությունը չի բավարարվելու ձեռք բերված արդյունքներով, և հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ շարունակվելու է ամեն ջանք ու եռանդ ներդրվել:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ գյուղատնտեսական ոլորտում կատարվող աշխատանքն ազգանվեր ու ազգաշեն գործ է: Նորին Սրբությունը հորդորեց առավել չափով միջոցներ ձեռնարկել հայ գյուղացու կյանքն ավելի բարելավելու ուղղությամբ` ցանկանալով, որպեսզի գյուղացին տեսնի իր աշխատանքի պտուղները և կապված մնա իր հողին, ինչը երկրի անվտանգության, զորացման ու առաջընթացի կարևորագույն գրավականներից մեկն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---