3 ապրիլի 2012 - 14:01 AMT
Վազգեն Բադալյան. Եթե Դարչինյանը ճիշտ մարտավարություն ընտրի, կկարողանա հաղթել Յամանակային

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանն ասել է, որ նախապատրաստական փուլը նորմալ է անցել իր սանի համար: Ըստ Բադալյանի, Ճապոնիայում Դարչինյանը կաշխատի օպտիմալ քաշ ձեռք բերելու ուղղությամբ:

«Անսելմո Մորենոյի հետ մենամարտի ժամանակ Դարչինյանը վնասվածք ուներ, սակայն այժմ նա լավ է զգում իրեն, նրան միայն անհանգստացնում է ցավը ձախ ձեռքում»,-նշել է մարզիչը:

Ըստ նրա, Դարչինյանի պարտությունից հետո Դարչինյանը ռինգ է դուրս գալիս հատկապես կենտրոնացած և հաղթանակ է տենչում: «Վիկը ֆիզիկապես շատ ուժեղ է ու Յամանակայի դեմ պետք է ճիշտ մարտավարություն ընտրի, խորամանկ հարվածներ հասցնի, հարձակողական ոճ որդեգրի: Կարևոր է, որ նա երկու ձեռքերն օգտագործի, այդ դեպքում նա կհաղթի»,-խոստովանել է Բադալյանը:

Նա գտնում է, որ ճապոնացի բռնցքամարտիկը տեխնիկապես ուժեղ է ու շատ արագաշարժ:

Դարչինյան-Յամանակա մենամարտը տեղի կունենա ապրիլի 6-ին Տոկիոյում, կխաղարկվի ճապոնացու չեմպիոնական գոտին WBC վարկածով: