3 ապրիլի 2012 - 16:39 AMT
Կրթական բարեփոխումների ծրագրով կմշակվեն ՀՀ բուհերի ազգային վարկանիշային աղյուսակներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որով ընկերությունը ավելի քան 37 մլն դրամի ներդրումով կիրականացնի կրթական ոլորտի բարփոխման 5 ծրագիր:

Առաջին ծրագիրը վերաբերում է հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանության մշակմանը, որի նպատակն է գնահատել հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության իրական արդյունքը:

Ըստ Արմեն Աշոտյանի` այն հնարավորություն կտա բացահայտելու ոչ միայն լավ աշխատող դպրոցները, այլև նրանք, որոնք թերանում են. «Ծրագրի միջոցով մենք հնարավորություն կունենանք գտնելու այն դպրոցները, որոնք «վատ» են աշխատում և կկարողանանք դրանք ուշադրության կենտրոնում պահել ու լրացուցիչ միջոցներ ձեռնարկել»:

Ծրագրի մյուս կետով կմշակվեն ՀՀ բուհերի ազգային վարկանիշային աղյուսակներ, որոնց միջոցով կստեղծվի բարձրագույն կրթության վերաբերյալ թափանցիկ դասակարգման համակարգ: Նախարարը նշեց, որ նշված գործընթացի իրականացման նպատակով նախատեսվում է մշակել սեփական վարկանիշավորման մեթոդաբանություն` հաշվի առնելով բուհի կողմից հրապարակված գիտական հոդվածների քանակի, պրոֆեսորադասախոսական կազմի որակական հատկանիշների, բուհ-աշխատաշուկա կապի, բուհի գիտահետազոտական լաբորատորիաների թվի և այլ ցուցանիշներ:

Ծրագրով նախատեսում է անցկացնել նաև «Լավագույն ուսանող» հանրապետական մրցութը: Կրթության նախարարը նշեց, որ սա կխրախուսի լավագույն ուսանողների ակտիվությանը և գուցե շուտով դառնա հանրապետական մասշտաբով ինտելեկտուալ փառատոն: