3 ապրիլի 2012 - 17:16 AMT
Գեղամ Հարությունյան. Մարդկային բարոյականության ամենամեծ դրսևորումներից մեկը հայրենասիրությունն է

Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի ղեկավար, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանն ընդգծել է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորությունը, նշելով, որ հիմա այդ հարցում հայ հասարակության մեջ առկա են բացթողումներ: «Որքան էլ խոսվի, որ աշխարհը միասնական է դառնում, սակայն ժողովուրդների միջև մրցակցությունը շարունակվում է: Ցավոք սրտի, մեր դեպքում դա ունի թշնամական բնույթ մեր հարևանների կողմից»,- լրագրողներին «Ռազմահայրենասիրական դաստիրակության մոտեցումները» համաժողովի բացման ժամանակ հայտարարել է նա:

Ինչ վերաբերվում է հենց համաժողովին, ապա Հարությունյանը նշել է, որ դրա թեման շատ կարևոր ու արդի է և ուշադրություն դարձրել նրա վրա, որ այն կազմակերպվել է Սպայի տանը կից գործող «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» կողմից: «Ես դրանում մեծ իմաստ եմ տեսնում, քանի որ բացարձակ ճշմարտություն է այն, որ բարոյականությունից զուրկ ուժը շատ վտանգավոր է և վնասակար: Իսկ մարդկային բարոյականության ամենամեծ դրսևորումներից մեկը, եթե չասել ամենամեծը, հայրենասիրությունն է»,- ասել է նա: