Հայոց ցեղասպանություն. Թուրքական դիվանագիտական իմունիտետի ապտակը շվեյցարական օրենքին

Հայոց ցեղասպանություն. Թուրքական դիվանագիտական իմունիտետի ապտակը շվեյցարական օրենքին

PanARMENIAN.Net - Ինչպես և պետք էր սպասել, ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղիշն այդպես էլ անպատիժ կմնա Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Հայտարարությունը, որը թուրքական նախարարն իրեն թույլ է տվել այս տարվա հունվարին Շվեյցարական Դավոսում տնտեսական ֆորումի ժամանակ, այդպես էլ անպատիժ կմնա, չնայած, որ նա ուղղակիորեն խախտել է Շվեյցարիայի օրենքը, որը արգելում է ժխտել ցանկացած ցեղասպանություններ, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը:

Միամտություն կլիներ ենթադրել, որ Էգեմեն Բաղիշը համարձակություն է ունեցել հայտարարելու այն մասին, որ Հայոց ցեղասպանություն «չի եղել»` չիմանալով այն մասին, որ իր դիվանագիտական անձեռնմխելիությունը կփրկի նրան շվեյցարական Քրեական օրենսգրքի գործողությունից: Նմանապես միամտություն կլիներ նաև ենթադրել, որ նա կհետևի օրենքի տառին և ոգուն, որը անձեռնմխելիությամբ օժտված դիվանագետներին պարտադրում է, այնուամենայնիվ, հարգել և պահպանել այն երկրի օրենքները, որտեղ գտնվում են:

Իր անպատժելիության հարցում վստահ Բաղիշի հայտարարությունը եվրոպական օրենսդրության երեսին նետված յուրօրինակ «ձեռնոց» էր և ծաղրանք Շվեյցարիայի բարոյական սկզբունքների հանդեպ: Շվեյցարիան ընդունել է մարտահրավերը և որոշել արժանի կերպով պատասխան տալ: Պատահական չէ, որ Ցյուրիխի կանտոնի դատախազ Կրիստին Բրաունշվիգը խոստացել է, որ Բաղիշի հանդեպ հետաքննությունն ավարտին կհասցնի, սակայն դրա հետ մեկտեղ հավելել է, որ անհրաժեշտ է «հաշվի առնել թուրքական նախարարի դիվանագիտական իմունիտետը»:

Սակայն Շվեյցարիայի բարի նպատակները բախվեցին նույն այդ տխրահռչակ դիվանագիտական անձեռնմխելիությանը. Դատախազությունը վճռեց, որ չի կարող քրեական գործ հարուցել այլ երկրի` հանցանք գործած նախարարի հանդեպ, ինչպես դա եղավ 2007 թվականին, երբ Շվեյցարիայում երեք թուրքերի դատապարտեցին 150 օրվա ազատազրկման և 30 հազար շվեյցարական ֆրանկի չափով տուգանքի, կամ նույն 2007 թվականին, երբ Թուրքական Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին դատապարտեցին 90 օրվա պայմանական ազատազրկման և 3 հազար շվեյցարական ֆրանկի չափով տուգանքի, երկու դեպքում էլ` Հայոց ցեղասպանության ժխտման համար:

Այս անգամ Շվեյցարիան պետք է կուլ տա թուրքական ծաղրանքն իր օրենսդրության հանդեպ: Իսկ թուրքական իշխանություններին արժե խորհել իրենց պաշտոնյաների վարքի շուրջ, քանի որ Եվրոպան ԵՄ-ին անդամակցելու ձգտող և վերջինիս օրենքները չհարգող երկրի վրա ազդելու շատ այլ մեթոդներ ունի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---