2 ապրիլի 2004 - 22:32 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՆ
Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը (211` կողմ եւ 84` դեմ) նախօրեին քվեարկել է այն զեկույցի օգտին, որտեղ ասվում է, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ սկսել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները: Իրենց ելույթներում եվրախորհրդարանակնները նշել են, որ չնայած անցյալ տարվանից Թուրքիայում անցկացվող մի շարք կարեւոր բարեփոխումների, որոնք կոչված են համապատասխանեցնել երկիրը ԵՄ-ին անդամակցելու քաղաքական չափանիշներին,այնուամենայնիվ շատ ոլորտներ դեռեւս կարիք ունեն բարեփոխումների: Եվրոպացի պատգամավորները մի շարք քննադատական դիտողություններ են արել Թուրքիայի հասցեին, մասնավորապես, քաղաքականության վրա այնտեղ շարունակվող բանակի ակտիվ ազդեցության եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականության առնչությամբ: Նաեւ հարց էր բարձրացվել այն մասին, թե կարո՞ղ է ԵՄ-ն ընդունել իր կազմում «այդպիսի մեծ եւ համեմատաբար աղքատ երկիր»: Ինչպես նշում է Եվրոպայի հայերի վեհաժողովը, չնայած Եվրախորհրդարանի ընդունած այդ զեկույցը չուներ օրենսդրական ուժ, սակայն այն բացասական քաղաքական ահազանգ էր Անկարայի համար, որը վերջին ժամանակներս լավատեսորեն էր գնահատում ԵՄ-ին անդամակցելու իր հեռանկարները: