3 ապրիլի 2004 - 19:37 AMT
ԱՄՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏԻ ՆՌԱՆՑ ՈՒԺԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանին եւ Ադրբեջանին տրվելիք ամերիկյան ռազմական օգնության հարցում հավասարության խախտումը չի անդրադառնա ադրբեջանական բանակի մարտունակության մակարդի վրա եւ չի խախտի ուժային հավասարակշռությունը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը` մարտի 2-ին Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեում լսումների ընթացքում պատասխանելով սենատոր Ջորջ Ալլենի պետդեպարտամետին ուղղված համապատասխան հարցմանը: Հիշեցնենք, որ Ջորջ Բուշի վարչակազմի կողմից առաջարկված 2005 թվականի բյուջեի նախագիծը նախատեսում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել 8 մլն դոլարի չափով, իսկ Հայաստանին` միայն 2 մլն դոլար: Միեւնույն ժամանակ, Է.Ջոնսը հերքել է այդ հարցում հավասարության մասին որեւիցե համաձայնության գոյությունը: Մինչդեռ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պնդում է, որ նման համաձայնություն ձեռք է բերվել 2001 թվականի վերջին Սպիտակ տան եւ Կոնգրեսի միջեւ` Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման գործողությունը դադարեցնելու իրավունքը նախագահին տրամադրելու մասին բանակցությունների ընթացքում: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի` տվյալ համաձայնության մասին ԱՄՆ հայ համայնքին տեղեկացրել են Ազգային անվտանգության խորհրդի անդամ Դան Ֆրիդը եւ նախագահի խորհրդական Կառլ Ռոուֆը` 2002 թվականի փետրվարի 21-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում: