5 ապրիլի 2012 - 15:34 AMT
Բեյրութում բացվելու է Մոկո Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը

Մայիսին Բեյրութում բացվելու է նկարչուհի Մոկո (Մարիամ) Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բացվելու է մայիսի 3-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (AGBU), այնուհետև մայիսի 4-ին` Esquisse Gallery-ում: PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց նկարչուհու հետ, ով նշեց, որ Բեյրութում եղել է 2 անգամ, սակայն առաջին անգամ է ցուցահանդեսով ներկայանում բեյրութցի արվեստասեր հանրությանը: Նա երկու տարի առաջ ծանոթացել է ցուցասրահի տիրուհու` Զառա Մազմանյանի հետ, ում հետ 2011 թ-ին առաջացավ Բեյրութում ցուցահանդես բացելու գաղափարը: «Շատ ուրախ եմ, որ հենց Բեյրութում ունենալու եմ անհատական ցուցահանդես: Շփվելով տեղի բնակիչների հետ, և հասկացա, որ նրանք շատ մեծ արվեստասերներ են և արվեստագետին ընկալում են ճիշտ ձևով», ասաց նկարչուհին:

Ցուցահանդեսում ներկայացվելու են, հիմնականում, 2011-2012 թ-ի աշխատանքներ, որոնցից մի քանիսը անցած տարի տեղի ունեցած «Էպիկենտրոն» նախագծից են:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մայիսի 19-ը:

Մոկո Խաչատրյանը համարվում է հայ ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Նա ունեցել է ցուցահանդեսներ բազմաթիվ երկրներում: Նրա աշխատանքներն ընդգրկված են աշխարհի շատ պատկերասրահներում, ինչպես նաև անհատական հավաքածուներում: Նրա կտավները Էնդի Ուորհոլի և Ժան-Միշել Բասկուա գործերի հետ մեկտեղ կարելի է հանդիպել Նյու Յորքում բնակվող Վիկի Հովհաննիսյանի հավաքածուում: