5 ապրիլի 2012 - 16:06 AMT
Ապրիլի 24-ին Christie’s աճուրդում 19 դարի հայկական գորգ է վաճառվելու

Ապրիլի 24-ին Christie’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվելու է հայկական գորգ: PanARMENIAN.Net ը դիմեց հայտնի գորգագետ Վահրամ Թաթիկյանի օգնությանը, գորգի ծագման, գործվածքի մասին տեղեկություն և կարծիք ստանալու համար:

Գորգն ընդգրկված է Թաթիկյանի էքպեդիցիոն նյութերում: «Գորգը գործված է պատմական Գուգարք նահանգի Կողբոփոր գավառում, որ հիմա սխալմամբ Տավուշի մեջ են մտցնում։ Գործվել է Բերդավան` (հին անունով` Ղալաչա) գյուղում, 1879 թ-ին, Ամիրաղյան գորգագործական հայտնի գերդաստանում, որը յոթ ընտանիքներից էր բաղկացած։ Բոլոր ներկերը բնական են, բուսական, իսկ կապույտը ,«կարասի ներկ» է` ստացվում էր պղնջարսպից։ Մանվածքն ընտիր է, չափերը` ինչպես նաև մի քանի տեղում տարեթիվ գրելը ցույց է տալիս, որ այն հանդիսությունների համար փռելու համար է եղել նախատեսված, ոչ թե պատից կախելու»։

Աճուրդի տան կայքում գորգի վրա գրած է «Հայկական Ղազախ»: Թաթիկյանն ասում է, որ լավ է, որ գորգի վրա հայկական տառեր կան, թե չէ այդ տերմինը չէին գրի, այլ կգրեին պարզապես «Ղազախ» և ազերիներին կվերագրեին։

Գորգի նախնական գինը կազմում է 4000-6000 անգլիական ֆունտ ստեռլինգ: