5 ապրիլի 2004 - 20:56 AMT
ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ի ՀԵՏ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ԱՊՐԻԼԻՆ
Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարությունը պատրաստ է շարունակել երկխոսությունը Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցի շուրջ: Այդ մասին ասվում է ԱՀՀ պատասխանում Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Էջվեթ Թեզջանի համապատասխան առաջարկին: Ընդսմին ԱՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ հանդիպման անցկացումը ապրիլին, ինչպես դա ցանկանում է թուրքական կողմը, անընդունելի է: ԱՀՀ-ն հիշեցրել է, որ այդ ամսին հայերը հարգում են ցեղասպանության զոհ դարձած իրենց հայրենակիցների հիշատակը: Միեւնույն ժամանակ ԱՀՀ ղեկավարությունը առաջարկել է թուրքական կողմին մինչ նախատեսվող հանդիպումը «բացահայտ ներկայացնել իր նպատակները», քանի որ «իմաստ չունի վարել երկխոսություն, որը չի հանգեցնի արդյունքի»: Հիշեցնենք, որ նման հանդիպումներ Էջվեթ Թեզջանի հետ կայացել են անցյալ տարվա հունիսին Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում: Հայկական կողմը պահանջում էր Թուրքիայից քննարկել Հայոց ցեղասպանության հարցը, հաստատել Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ` անկախ ղարաբաղյան հակամարտությունից, ինչպես նաեւ դադարեցնել ճնշումները Թուրքիայում բնակվող հայերի նկատմամբ: ԱՀՀ ղեկավարներից մեկի` Փիթեր Ոսբիկյանի խոսքերով, հունիսյան բանավեճերից հետո չի եղել ոչ մի առաջխաղացում, սակայն դեռեւս կա «կարծիքների անկեղծ փոխանակման» հույս: Վերջին 10 ամիսների ընթացքում Թուրքիայի վարքագծում չի նկատվել որեւէ փոփոխություն ըստ հայկական կողմի ավելի վաղ ներկայացված պահանջների, ասել է նա: