6 ապրիլի 2012 - 11:59 AMT
Երևանն ու Մոսկվան ակտիվացնում են փոխադարձ ներդրումները

Ապրիլի 6-ին Երևանում իր աշխատանքն է սկսել ներդրումային խորհրդաժողովը` ուղղված ռուս-հայկական համատեղ նախագծերի ստեղծմանն ու պոտենցիալ գործընկերների հետ գործնական կապերի ապահովմանը: Միջոցառումը տեղի է ունենում Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի բաժնի և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Ernst&Young ընկերության աջակցությամբ Երևանում Մոսկվայի օրերի շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի ավելի քան 100 խոշորագույն ընկերություններ, ինչպես նաև գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ներդրումային գործունեության ոլորտում առաջատար փորձագետներ:

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք ոչ միայն խոսենք մեր բարեկամության մասին, այլև ամրապնդենք այն գործերով, իսկ այդ խորհրդաժողովով մենք կուզենայինք նպաստել Մոսկվայի և Երևանի միջև բարեկամական կապերի հաստատմանը»,- ողջույնի խոսքում ասել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի բաժնի պետ Սերգեյ Չերյոմինը: Նրա խոսքով` այսօրվա դրությամբ գոյություն ունի ներդրումների հսկայական հոսք` 1 մլրդ դոլար, և «այդ գործընթացը չպետք է միակողմանի լինի», առավել ևս, որ ներդրումային կլիման շատ բարենպաստ է:

Ինչպես նշել է Չերյոմինը, Մոսկվայի կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մեգապոլիսը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնա: «Մենք ակտիվորեն զբաղվում ենք օտարկերյա ներդրողների հետ փոխգործակցության ռազմավարության մշակմամբ և մեծ ուշադրություն հատկացնում ներդրումների պաշտպանությանը»,- ընդգծել է նա: Այդ կապակցությամբ Մոսկվայի կառավարության ներկայացուցիչը հավելել է, որ այսօրվա դրությամբ դիտարկվում են նախագծեր տրանսպորտի, բժշկության ոլորտներում, մշակվում է մետրոպոլիտենի առանձին ճյուղերի հայեցակարգ: «Այդ ամենը խոսում է այն մասին, որ Մոսկվայում ներդրումային իրադրությունը լրջորեն փոխվում է»,- հավելել է նա: