6 ապրիլի 2012 - 14:12 AMT
ՆՓԱԿ-ում 16-րդ անգամ տեղի կունենա Արվեստի այլընտրանքային փառատոնը

Ապրիլի 10-28-ը Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի կունենա 16-րդ արվեստի այլընտրանքային փառատոնը, որը կրելու է «Կրիզիս 2» խորագիրը:

«Այս փառատոնը ՆՓԱԿ-ի կարևորագուն միջոցառումն է: Մեր նպատակն է գտնել նոր տաղանդներ, օգնել, որպեսզի նրանք երևան, և հետագայում մեր կարիքը չունենան», մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՆՓԱԿ համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը: Նա նշում է նաև, որ ցուցահանդեսը քաղաքական է, բայց ոչ կուսակցական:

Ցուցահանդեսի համադրող Գոռ Ենգոյանը, խոսելով «Կրիզիս 2» նախագծի մասին, ասաց, որ այն փորձել է կապել 1999 թ-ի նոյեմբերին նկարիչ Դավիթ Կարեյանի «Կրիզիս» նախագծի հետ: Ենգոյանի խոսքով, նախագծին մասնակցելու են այն արվեստագետները, ովքեր ակտիվ սոցիալ-քաղաքական գործունեություն են ծավալում, և առնչվում են հասարակական-քաղաքական շարժումների հետ:

Փառատոնի ընթացքում տեղի են ունենալու էքսպերիմենտալ երաժշտական խմբերի ելույթներ, ֆիլմի դիտում, ցուցահանդես և այլն: Փառատոնի շրջանակում ներկայացվելու է 9 նախագիծ: